en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
These articles are available only in armenian.

ՀԱԱՀ Շուշիի մասնաճյուղի նորոգ մասնաշենքերը լայնորեն բացեցին իրենց դռները

Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձի նախօրեին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագրեր պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու մասին:

Բարձր գնահատականների էին արժանացել մարդիկ, որոնք անուրանալի դեր են խաղացել հայկական երկրորդ հանրապետության կայացման, զորացման, կրթության, գիտության, մշակույթի զարգացման գործում: Եվ ուրախությամբ պետք է փաստենք, որ արժանավորների փաղանգում էին նաև ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արշալույս Թարվերդյանը: Խորհրդանշական է, որ նրանց շնորհվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալ: Այս գնահատականը, որքան պատվաբեր, նույնքան էլ պարտավորեցնող է:
...Մեր տոհմիկ ու անկրկնելի Շուշին ավելի դանդաղ ու դժվարությամբ է թոթափում պատերազմի հետևանքները: Վերքերն ավելի խորն են…Թերևս դա էր պատճառներից մեկը, որ ՀԱԱՀ արցախյան մասնաճյուղը նպատակահարմար գտան «տեղակայել» Շուշիում: Մասնաճյուղը հիմնադրվել է ՀՀ և ԼՂՀ կառավարությունների որոշումներով, 2008թ. օգոստոսին: Սկսել է գործել 2009 թ. փետրվարից՝ Ստեփանակերտում: Այս տարիների ընթացքում Շուշիում ընտրվեց խորհրդային տարիներից պահպանված կիսավեր շինություն: Ականատեսները հիշում են, որ հակառակորդի նետած արկերից մեկը պայթել էր հենց այս տարածքում: Հիմա շուշեցիները դժվարանում են հավատալ, որ նորոգ ուսումնական մասնաշենքը նախկինի հիմքերի վրա է ստեղծվել: Մասնաճյուղն ապահովված է ուսուցման կազմակերպման ժամանակակից միջոցներով`լաբորատորիաներ, համակարգչային լսարաններ:
Հիմնադրման պահին մասնաճյուղը կրթական երկու համակարգում ուներ 860 ուսանող և սովորող, դասավանդում էր 80 դասախոս: Այսօր մասնաճյուղն ունի շուրջ 1500 ուսանող և սովորող, 100-ից ավելի դասախոս: Տվել է 1690 շրջանավարտ` 573 բակալավր, 138 մագիստրոս և 980 միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ: Անցած տարիների ընթացքում մասնաճյուղի համար պատրաստվել են գիտության 14 թեկնածու և 2 դոկտոր, այս գործընթացը շարունակական է:
Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի ուսումնական մասնաշենքերի բացման հանդիսությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ծնողներ, հյուրեր: ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, դիմելով ներկաներին, ասաց. «Շուշիում բարձրագույն կրթության, գուցե նաև համալսարանի հիմքն է դրվում, իրականանում է կրթության գործին նվիրված մեր երախտավորների` Պետրոս Շանշյանի, Պերճ Պռոշյանի, Ղազարոս Աղայանի, Մուրացանի, Լեոյի և շատ ուրիշների երազանքը: …Շուշիում համալսարան ունենալը երազանք էր ոչ միայն 100-150, այլ նաև 5-6 տարի առաջ: Այն իրականություն դարձավ շնորհիվ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանի և ԼՂՀ նախագահ պարոն Բակո Սահակյանի բարձր հովանավորության և աջակցության: Օգտվելով առիթից` ՀԱԱՀ-ի ու մասնաճյուղի կոլեկտիվների և ուսանողության անունից մեր երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում Հայկական երկու հանրապետությունների նախագահներին ու վարչապետերին, բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ստեղծվեց այս հոյակերտ կառույցը:
Այսօր, այս հանդիսավոր պահին մեր երախտագիտությունն ու խորին հարգանքն ենք հայտնում բոլոր նրանց, ում անկոտրում կամքի, անօրինակ խիզախության շնորհիվ ազատագրվեց Արցախ աշխարհն ու հնարավորություն ընձեռվեց իրականացնել նման ծրագրեր: Սա լավագույն հուշակոթողն է բոլոր նրանց հիշատակի, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի ազատագրության վեհ գործին»:
ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարար Սլավա Ասրյանը շեշտեց. «Սա տոն է բոլոր նրանց համար, ում մտահոգում է Արցախի ապագան»: Նա ասաց, որ ուսանողական ավանի հիմքն է դրվում, քանզի անմիջական հարևանությամբ են գործելու Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանն ու երաժշտական դպրոցը:
«Ազդարարում ենք մեր միասնական երազանքի կենսագործման մասին: Շնորհակալություն այս ազգային երազանքը կյանքի կոչողներին»,-իր ելույթում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ուսումնական նոր համալիրն օրհնեց և օծեց գերաշնորհ Պարգև Սրբազանը. «Մեր պատերազմը հենց այս օրվա արդյունքի համար էր: Շուշիում նահատակված մեր տղաների արյունը այսօր փառաբանում է Աստծուն»:
Հանդիսության ժամանակ հրաշալի կատարումով հանդես եկավ Շուշիի «Վարանդա» երգչախումբը: Նորամուտի ժապավենը կտրեցին մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հայրապետյանը և ուսանողուհի Հերմինե Սարգսյանը, վերջինս միանգամայն իրավացիորեն համոզված է, որ առանց պատերազմի հաղթելու միակ ճանապարհը գիտելիքն է, բարձրորակ կրթությունը:
ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանը, պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, նկատեց, թե Արցախի տնտեսության գերակա ճյուղը գյուղատնտեսությունն է, և անհրաժեշտություն էր այստեղ Ագրարային համալսարանի մասնաճյուղի հիմնումը: Հիմա նոր ծրագրի մասին ենք մտորում,որ այն դառնա առանձին, ինքնուրույն, կայացած կրթօջախ: «Եվ կարծում ենք՝ այս նոր մտահղացումը նույնքան արագ ու հաջողությամբ կյանքի կկոչվի»,-ասաց ՀԱԱՀ ռեկտորը:

Անի Խուդավերդյան
«Կրթություն» շաբաթաթերթ

 

Calendar of Events

January 2022
S M T W T F S
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5